«Ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը»` դադարեցնել ահաբեկչությունները:

Սթափեցնող մի իրողություն…

Մինչ մեր պատկերացումները ստարտափների հնարավոր տարբերակների մասին պտտվում են արդեն գոյություն ունեցող, տարածված և անհետաքրքիր դարձած գաղափարների շուրջ, աշխարհի ոչ շատ նշանավոր երկրներում մարդիկ գտնում և մշակում են կենսական նշանակության այնպիսի մոդելներ, որոնց մասին երբևէ չենք էլ մտածել:

Բինիշ Բենգվենին, ով իր ամուսնու` Զիշան Ուսմանիի հետ GoFig Solutions-ով մասնակցում էր Pakistan StartUp Cup-ին, մենթորների ուշադրությունը գրավեց դեռ ամենասկզբում` «ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը» հարցին պատասխանելով` դադարեցնել ահաբեկչությունները:

Ուսմանինն և Բինիշը, մտահոգված լինելով վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների, ռմբակոծությունների թվի աճով, որոշեցին օգտագործել իրենց անալիտիկ գիտելիքները և այդ խնդիրների լուծմանը տալ տեխնոլոգիական լուծում: Այսպիսով GoFig-ը (Go Figure it Out) հավաքագրում է տվյալների բազա տեղի ունեցող ահաբեկչությունների մանրամասների մասին, մշակված ծրագրերի միջոցով հետազոտում է, գտնում նմանություններ, օրինաչափություններ` կապված ահաբեկչությունների օրերի, վայրի և այլնի մասին և թույլ տալիս 72% ճշտությամբ կանխատեսել և կանխել հերթական հարձակումը:

 

 

Ուսմանիի թիմը ուներ գաղափար, տեխնոլոգիա, համակարգչային ծրագրեր, բայց ոչ ոք հետաքրքրված չէր իրենց մոդելով: Իրենց խոսքերով` իրենք գիտնականներ են, ոչ թե բիզնեսի մարդիկ: Այս առումով մեծ էր Pakistan StartUp Cup-ում իրենց մասնակցության ու հաղթանակի դերը` հասույթի աճ, մեծ ներդրումներ և մասնակցություն առաջին World StartUp Cup-ին, որը անցկացվեց 2014թ. Երևանում: Այստեղ GoFig-ը զբաղեցրեց առաջին տեղը:

Այժմ GoFig-ի հաճախորդներ են UN-ը, դեսպանատներ, դպրոցներ, ոստիկանություն և պետական և ոչ պետական այլ կառույցներ: GoFig-ը դարձավ PredictifyMe ստարտափի հիմքը` նույն նպատակներով ավելի գլոբալ ծրագիր, որտեղ ալգորիթմները կիրառվում են ոչ միայն ահաբեկչությունների հետազոտման, այլ նաև այլ հարցերում:
Մերի Սարգսյան

Leave a Reply