Ժամանակակից աշխարհում մեծ թափով զարգացում են ապրում էլեկտրոնային սարքավորումները (հեռախոսներ, պլանշետներ և այլն) և դրանք դառնում են մեր կյանքի անբաժանելի մասը։ Այսօր տարեց մարդիկ նույնպես ձգտում են սովորել օգտվել դրանցից, սակայն, իհարկե, նրանց համար դա կարող է դժվարություններ առաջացնել՝ սկսած ծրագրային խրթին աշխատանքից, մինչև սարքավորման ֆիզիկական հատկությունները։
ՀԱՅԱ թիմը ներկայացնում է համապարփակ լուծում. պլանշետի հենակ և ծրագրային ապահովում, որոնք հեշտացված և ադապտացված են տարեց օգտատերերի համար։
Հենակի նախատիպը արդեն պատրաստ էր դեկտեմբեր ամսին, որը նախագծված է այնպես, որ հնարավոր լինի գրասալիկը տեղադրել իր մեջ՝ էկրանը հարմարավետ դիտելու համար, այն նաև օժտված է ծխի, թունավոր գազերի և շարժման տվիչներով, բարձրախոսով։ Ծրագրային ապահովումը պարունակում է եղանակը հաղորդող ծրագիր, լրատու, ռադիո, օր և ժամ, օրացույց, աուդիոգրքեր լսելու համար նախատեսված ծրագիր և այլն, որոնց արտաքին տեսքը և հարմարությունը ամբողջովին ադապտացված է։
Թե հենակի նախատիպը և թե ծրագրային ապահովումը հետագայում կրեցին փոփոխություններ, մասնավորապես հենակը նախատեսում է ունենալ հոսանքի էներգիայի կուտակիչ (power bank), USP port-եր, LED լուսավորում, թունավոր գազերի տվիչ և Bluetooth։ Ծրագրային ապահովման կատարելագործման աշխատանքները ընթացքի մեջ են։
Բացի նախատիպի մշակումից, թիմը պետք է գտներ վստահելի գործընկեր՝ արտադրանքի արտադրության համար: Գործընկերոջ ընտրությունը կատարվել է տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև։ Արտասահմանյան գործընկերոջ կարգավիճակին հիմնականում համապատասխանում են չինական ընկերությունները, սակայն թիմը այդպես էլ չկարողացավ վստահություն ունենալ այդ ուղղության առումով, քանի որ անհրաժեշտ էր անմիջական ներկայություն չինական շուկայում:
Այսպիսով՝ կանգ առնելով տեղական գործընկերոջ ընտրության վրա, ՀԱՅԱ-ն այժմ համագործակցում է Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս ՍՊԸ-ի հետ, որը շուկայում հայտնի է որպես Արմթաբ պլանշետներ և Արմֆոն սմարթֆոններ արտադրող: Ընկերությունը ունի մասնագիտցաված անձնակազմ և ժամանակակից արտադրական հզորություններ: Թիմին ամբողջովին բավարարեց ընկերության արտադրական հոսքագծերի բազմաֆունկցիոնալությունը և հզորությունը՝ արտադրելու էական քանակներ արտադրանքի սահմանափակ ժամանակում:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առավել սերտ համագործակցության ոչ միայն արտադրության, այլև ամերիկյան շուկայում առաջխաղացման աջակցության համար:
Leave A Comment